ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցելութունը, իհարկե, լուրջ քաղաքական երևույթ էր․ անկախության շրջանում առաջին անգամ է, որ նման բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Հայաստան: Խորհրդանշական էր, որ այցը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական վերջին ընդհարումից հետո, աշխարհի թիվ մեկ պետության կողմից քաղաքական գնահատական էր Ադրբեջանին՝ որպես բռնապետական, ոչ ժողովրդավար երկրի, որ ԱՄՆ-ն ժողովրդավարական երկրների կողքին է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Չեմ կարող ասել, որ Նենսի Փելոսիի այցը էական դերակատարում կունենա ՀՀ-ի կացության փոփոխության առումով, բայց միջազգային հանրության և հավաքական ընկալումների տեսակետից ամեն դեպքում պարզ է, որ ՀՀ-ն ընկալվում է որպես ժողովրդավար երկիր, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
Իրական և օբյեկտիվ իրողությունն այն է, որ Նենսի Փելոսին ԱՄՆ-ում այն պետական գործիչն է, որը արտաքին քաղաքականության վրա շատ քիչ ազդեցություն ունի, որովհետև արտաքին և ռազմական քաղաքականության որոշումները, ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության, ընդունում է նախագահը, ինչպես նաև՝ պետքարտուղարը և Պենտագոնի ղեկավարը, այնպես որ, Նենսի Փելոսիի այցն ավելի շատ բարոյական և քաղաքական նշանակություն ուներ: Ներկայացուցիչների պալատը կարող է բանաձևեր ընդունել արտաքին իրավիճակների վերաբերյալ, ճանաչել ցեղասպանությունը կամ այդ բնույթի տարբեր բանաձևեր, բայց արտաքին քաղաքականության ռեալ կառավարումը դա նախագահի ձեռքին է»,- ընդգծեց նա:
Քեռյանի խոսքով, հայ հասարակության հատկապես արևմտամետ հատվածը չափազանցացրեց այցը և նշանակությունը:
«Ես գտնում եմ, որ չպետք է չափազանցնել, այստեղ կա աշխարհաքաղաքական գործոն՝ ԱՄՆ-ն միջնորդավորված պատերազմ է մղում ՌԴ-ի դեմ, որը մեր ռազմաքաղաքական դաշնակիցն է, հավաքական արևմուտքը՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն նպատակ ունեն հետխորհրդային տարածքում նվազեցնել ՌԴ ազդեցությունը, սա հերթական քայլերից մեկն էր՝ ՌԴ-ն ՀՀ-ից պոկելու և դեպի Արևմուտք տանելու ուղղությամբ, իրական շահը սա էր»:
Նրա խոսքով, 44-օրյա պատերազմում 5000 զոհ ունեցանք, այն դեպքում, երբ 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբում հաստատվում էր այն սկզբունքը, որ կողմերը չպետք է դիմեն ուժի: Ադրբեջանը պատերազմ սկսեց, բայց ոչ ոք ձայն չհանեց և տարբեր դիմակներով հանդես եկան՝ մեկը հայասեր, մյուսը մարդասեր, ու խաղաղասեր, չպետք է հիմար լինենք ու հասկանանք՝ ով ով է:
«Նրանք դեկլարատիվ ճանաչում են, թուղթը տպում դնում են մի կողմ, բայց իրական շահերը նրանց թելադրում է, որ Ադրբեջանի հետ փաթաթված ման գան․ և´ Ադրբեջանի նավթը ստանում են, և´ նավթադոլարները լցնում Բաքվի բյուջեն, որով մեր զինվորներին են սպանում: Եվրահանձնաժողովի նախագահը ժամանեց Բաքու և փաթաթվեց Ալիևին, ասաց՝ մեր վստահելի գործընկերն է և գազի մատակարարման հերթական պայմանագիրը կնքեց: Այս իրականությունը պետք է հաշվի առնենք և չպետք է տարվենք հայտարարություններով»,- ավելացրեց Քեռյանը:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ