ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցուցադրել է Կիևի կենտրոնի վրա ռուսական կողմի հրթիռային հարձակման հետևանքները։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է Telegram-ում։
Նրա խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրը ռուսները փորձում են ոչնչացնել ուկրաինացիներին ու ջնջել երկիրը երկրի երեսից։
«Նրանք փորձում են ոչնչացնել մեր մարդկանց, որոնք Զապորոժիեում տանը քնած են, սպանել մարդկանց, որոնք աշխատանքի են գնում Դնեպրում և Կիևում»,- գրել է Զելենսկին։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայում շարունակվում է օդային տագնապը, կան հրթիռային հարվածներ, զոհեր և վիրավորներ։ Նա հորդորել է չլքել ապաստարանները:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ Կիևի հրթիռակոծության ֆոնին հարյուր հազարավոր մարդիկ իջել են մետրո, որպեսզի գտնվեն ապահով վայրում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևում պայթյուններ են որոտացել։
«Կիևում չորս պայթյուն է լսվել, հաղորդում են նաև Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին... Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը:
«Մայրաքաղաքի Պեչերսկի թաղամասի բնակիչները խոսում են երեք ուժեղ պայթյունի մասին, դրանք լսվել են նաև Կիևի այլ թաղամասերում»,- գրում է Strana.ua թերթը։
--00—ԱՊ