1992-94 թթ․ Ադրբեջանը պառակտված էր, մենք օգտվեցինք դրանից․ այս պատերազմին էլ մենք էինք պառակտված

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Արկադի Ղուկասյան.jpg

«Իրավունք» թերթը գրում է․ «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին մասնակցում էին Արցախի երկրորդ, երրորդ եւ գործող նախագահները: Հենց հանրահավաքում էլ «Իրավունքը» բացառիկ հարցազրույց ունեցավ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

— Պարոն Ղուկասյան, բոլոր հնարավոր առիթների դեպքում Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ արցախյան տարածքները նախկիններն են հանձնել, ոչ թե ինքը: Դուք եւս նախկինների շարքում եք, ի՞նչ կասեք այս մասին:

— Սա աբսուրդային գաղափար է: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ 1990-ական թվականների հաղթանակն էլ նախկիններն էին հաղթել, այսինքն՝ սովետական, կոմունիստական ուժերը: Ի՞նչ կապ ունեն նախկինները: Գտնում եմ, որ ամեն մարդ, ով ղեկավարում է պետություն, ինքը պետք է պատասխան տա իր քայլերի համար: Ես հեռու եմ այն մտքից, թե նախկինների գործունեության մեջ չեն եղել սխալներ: Եղել են ե՛ւ հաջողություններ, ե՛ւ անհաջողություններ, բայց բարդել ամեն ինչ նախկինների վրա, ծիծաղելի է:

— 44-օրյա պատերազմից երկու տարի է անցել: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն էր հիմնական բացթողումը, որի հետեւանքով ունեցանք այն, ինչ ունենք այսօր:

— Մեր հաջողությունները 1992-94 թվականներին, բացի մեր տղաների հերոսությունից, պայմանավորված էին նաեւ նրանով, որ Ադրբեջանը քայքայված վիճակում էր: Եթե հիշում եք, այն ժամանակվա Ադրբեջանում ամեն մի նոր ղեկավար մեղադրում էր նախկիններին դավաճանության մեջ՝ Մութալիբովը, էլչիբեյը, Ալիեւը... Եվ մենք օգտվեցինք դրանից, որ Ադրբեջանը պառակտված էր: 

Այս պատերազմի ժամանակ էլ մենք էինք պառակտված, որովհետեւ այսօրվա Հայաստանի իշխանությունները հարձակվեցին բանակի, եկեղեցու վրա, բաժանեցին հանրությանը սեւերի ու սպիտակների, մեղադրեցին բոլորին, իսկ իրենք ներկայացան՝ որպես հրեշտակներ, որոնք պետք է փրկեին երկիրը: Իսկ դրա արդյունքը մենք տեսանք: Պառակտված երկիրը չէր կարող դիմադրել այդպիսի դաժան պատերազմի:

— Շատ ռազմական փորձագետներ պնդում են, որ Շուշին գրավել հնարավոր չէր, այն հանձնել են: Ո՞րն է Ձեր տեսակետը:

— Չգիտեմ՝ մեկ տարի հետո, թե՝ երկու, բայց վստահ եմ, որ մենք այդ հարցերի պատասխանները ստանալու ենք: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ոչ միայն Շուշին հանձնեցին:

— Ո՞րն է Արցախը հայկական պահելու Ձեր բանաձեւը:

— Այդ հարցն այլընտրանք չունի: Արցախը կա՛մ պետք է լինի հայկական, կա՛մ չպետք է լինի, եւ այստեղ մենք այլ ընտրություն չունենք: Ինչ վերաբերում է, թե որն է բանաձեւը, շատ երկար կարելի է խոսել դրա մասին, բայց նախ մենք պետք է լինենք համախմբված, ունենանք Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականություն, հզոր բանակ եւ ճկուն դիվանագիտություն»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԶՀ