ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Եվրախորհրդարանի հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խումբը երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներին․
«Երախտագիտություն ենք հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Եվրախորհրդարանի բարեկամական խմբի անդամներին և Եվրոպայի ներկայացուցչական բարձրագույն մարմնի բոլոր այն պատգամավորներին, որոնք, անկախ ամեն ինչից, հասցեական գնահատական են տվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված ծանր կացությանը:
«Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» խորագիրը կրող բանաձևով Եվրոպայի մեր գործընկերները Ադրբեջանի իշխանություններից պահանջում են պատանդության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 000 ազգաբնակչության նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումները և ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ ոտնձգությունները դադարեցնել, վերադառնալ կառուցողական դաշտ ու իրենց իսկ ստանձնած պարտականությունների շրջանակում ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ դրանով իսկ կանխելով հետագա առճակատումը:
Հուսով ենք՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու նպատակով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին կհետևեն գործնական քայլեր»:
Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվել է «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։
--00--ՀԱ