ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Այսօր՝ փետրվարի 15-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ընդունեց Սիրիայից վերադարձած Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմին, որոնք 2023 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով թվով 29 փրկարարներից բաղկացած հայկական ՔՈՓ թիմի կազմում հատուկ չվերթներով մեկնել էին Սիրիա:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը իր գնահատանքի խոսքն է ուղղել փրկարարներին, այնուհետեւ շնորհակալագրեր եւ հուշանվերներ է հանձնել՝ երկրաշարժի հետևանքների վերացման գործում ունեցած մասնակցության և որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ ցուցաբերած բարձր արհեստավարժության համար:
Նշենք, որ Սիրիայում հայկական թիմը տեղակայվել էր Հալեպ քաղաքում ու Հայաստանի Հանրապետության մարդասիրական օժանդակության կենտրոնում ծավալել տեղակայման բազա։ 4 տեղամասերում իրականացվել է իրավիճակի գնահատում, որից 3-ում աշխատել են տեղի փրկարարական խմբերը, իսկ 1-ում հայկական թիմի կողմից իրականացվել է կինոլոգիական որոնում։
--00—ՅՄ