ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Նիդերլանդների խորհրդարանի 13 պատգամավորներ երկրի արտգործնախարարին կոչ են արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դեպի Արցախ անխափան ելումուտի վերականգնման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունը:
Պատգամավորներն արտգործնախարար Վոբկե Հոկստրային հորդորել են միանշանակ դիրքորոշում արտահայտել Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործման առնչությամբ, ըստ որի Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները շրջափակումը դադարեցնելու և Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար:
Պատգամավորները նաև հարց են ուղղել Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարին այն մասին, թե ինչ քայլեր է Ամստերդամը նախատեսում ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն իրականացնեն դատարանի որոշումը:
«Պատգամավորները հարցնում են՝ արդյոք նախարարն ի գիտություն ընդունել է այն փաստը, որ Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը թվիթերյան սադրիչ գրառումներ է արել «ՀԿ-ի շարունակվող խաղաղ ակցիայի» մասին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջանի պաշտոնյաների կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի բացարձակ անտեսումը», - գրված է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի հաղորդագրությունում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ