ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում Ադրբեջանի զինված ուժերի՝ որոշակի դիրքային առաջխաղացման ֆոնին գյուղում ուղղակի անհանգստություն է առաջացել։ Այս մասին 24News-ին ասաց Շուշիի շրջանի Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանը։
Ըստ նրա՝ ադրբեջանցիները 8-10 կմ հեռավորության վրա են։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կողմից գյուղը դիտարկելուն, ապա Նասիբյանն ասաց, որ մինչեւ Շուշի-Լիսագոր հատվածում վերջին առաջխաղացումն արդեն իսկ այն դիտարկվում էր։ «Իրենց կողմից դիտարկումը շուտվանից է։ Ավելի մոտիկ դիրքեր էլ ունեն, քան վերջերս հայտնված տեղերն են։ Դիրքեր ունեն, որոնք գյուղից 250-300 մետր հեռավորության վրա են տեղակայված»,- ասաց գյուղապետը։
Չնայած ստեղված իրավիճակին՝ գյուղում բնակչությունն անասնապահությամբ, գյուղատնտեսական աշխատանքներով շարունակում է զբաղվել։
«Սահմանամերձ որոշ խոտհարքեր չեն օգտագործվում ադրբեջանական դիրքերին մոտիկ լինելու պատճառով, սահմամամերձ չմշակվող հողեր են»,- եզրափակեց Գագիկ Նասիբյանը։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ