ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 20-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում:
Առաջին անգամ մրցաշարն անցկացվեց երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցում էին 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 5000 մետր մրցատարածությունը: Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղում Սյունիքի թիմն է, երկրորդ հորիզոնականում Վայոց Ձորի Արենիի ներկայացուցիչներն են, իսկ եռյակի վերջում Լոռու մարզի Վանաձորի թիմն է։
Մրցման լավագույն վազորդներն են Շիրակից Մարի Սարգսյանն ու Սյունիքից՝ Արթուր Համբարձումյանը: Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
««Վարչապետի գավաթ» խորագրի ներքո 4 մրցաշար ունենք, և պիտի խոստովանեմ, որ երկու տարվա արդյունքներով նախնական նպատակին, ոգուն ամենաշատը համապատասխանում է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորից ակտիվ մասնակցության համար»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ