Մեզ շատ առաջնորդներ են պետք, ու նրանք օդից չեն կարող հայտնվել․ Կարեն Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

կարեն

Մեզ մեկ չէ, մեզ շատ առաջնորդներ են պետք։ Տարբեր մակարդակներում ու տարբեր ոլորտներում,  ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։



Գրառումն ամբողջությամբ՝ 

«Եթե առաջնորդը մեկն է, ապա նրան ֆիզիկապես վերացնելը / թակարդը գցելը / թեկուզ կաշառելը շատ հեշտ է։

Ի վերջո, այդ մեկ առաջնորդը կարող է լողանալիս անսամթ շարժվի, ոտքը սայթաքի, ընկնի, մեռնի։ Հո ազգովի չե՞նք կործանվելու, ինչ է թե բաղնիքի թաց հատակը սղլիկ էր։

Մեզ շատ առաջնորդներ են պետք ու դրանք օդից չեն կարող հայտնվել։ Առաջնորդը Rolls-Royce չի, որ թեկուզ թանկով, բայց պատվիրես, բերեն։

Առաջնորդը պետք է փորձություններով անցնի, սովորի իր և այլոց սխալների վրա, սովորի մարդկանց միանգամից հասկանալ, սովորի թիմեր ստեղծել ու թիմով աշխատել։

Մեր դեպքում առաջնորդները նաև պետք է այնքան անձնուրաց լինեն, որ իրենց համար մեկ էլ չէ, այլ 2–3 փոխարինող «աճեցնեն»՝ շատ լավ հասկանալով, որ ինչ-որ պահի հենց իրենց «աճեցրածը» կարող է մեջքից խփել։

Մեր առաջնորդները պետք է նաև կարողանան հանգիստ իրենց սխալներն ընդունել, դասեր քաղել դրանցից ու շարժվել առաջ։

Առաջնորդության այդպիսի համակարգեր ձևավորվում են մրցակցային պայքարում, բայց միայն եթե առկա են ամուր նորմեր (օրինակ՝ Հայրենիքի շահն անձնականից վեր)։

Եւ այդպիսի առաջնորդների կայացման գործընթացին բոլորս էլ կարող ենք մասնակցել (ու պետք է մասնակցենք)՝ գիտելիք կիսելով, սովորելով, լսելով, խոսելով և, գրողը տանի, առաջնորդելով։ Չխորշելով փոքր գործերից, չվախենալով ցեխոտվելուց։

Թախտին նստելով և առաջնորդի սպասելով՝ ընդմիշտ մնալու ենք թախտին նստած սպասողներ»։ 



--00—ՍՊ