ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news
Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում շեշտել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը՝ կիսվելով հակասեմիթիզմի դեմ պայքարող ամերիկյան StopAntisemitism առաջատար կազմակերպության հրապարակմամբ:
Ամերիկյան կազմակերպությունն ամոթանք էր տվել ադրբեջանական AzerNews լրատվամիջոցին՝ հակահայկական մի նյութի համար՝ նշելով, որ սարսափած են՝ թերթում նման հրապարակում տեսնելով:
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էլ ընդգծել է՝ սա ատելության խոսքի, ակնհայտ ռասիստական բովանդակության ու նացիզմի գովասանքի ողբալի դրսևորում է:
«Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը»,-նշել է Արման Խաչատրյանը:
--00—ԼՀ