ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Կուբայի իշխանությունները հայտնել են մարդկանց թրաֆիքինգի հանցավոր ցանցի հայտնաբերման մասին, որի մասնակիցները Կուբայի քաղաքացիներին ստիպել են կռվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կուբայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։
«Ներքին գործերի նախարարությունը հայտնաբերել և աշխատում է՝ չեզոքացնելու և վերացնելու մարդկանց թրաֆիքինգի ցանցը, որը գործում է Ռուսաստանից՝ այնտեղ բնակվող և նույնիսկ Կուբայում բնակվող Կուբայի քաղաքացիներին հավաքագրելով զինված ուժերի շարքեր, որոնք մասնակցում են Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Նման փորձերը չեզոքացվել են, և այս գործունեությամբ զբաղվողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել», - ասված է Կուբայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հավելում է, որ «Կուբայի թշնամիները փորձում են արատավորել երկրի հեղինակությունը և այն ներկայացնել որպես մեղսակից այնպիսի գործողությունների, որոնք մենք կտրականապես մերժում ենք»։
Ըստ հաղորդագրության՝ Կուբան պատմականորեն դեմ է վարձկանությանը և «Ուկրաինայում պատերազմի մաս չէ»։
Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը։
--00—ԼՀ