Հավատացած եմ՝ ձեր այցն իր նպաստը կունենա․ Խաչատուրյանը՝ ԿԺՀ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

դ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, «SK Group»-ի նախագահ Տաե-վոն Չեյի գլխավորած պատվիրակությանը: 



Նախագահ Խաչատուրյանը ողջունելով հյուրերին ընդգծել է, որ պատվիրակության այցը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:



«Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին և այս տարիների ընթացքում դինամիկ զարգացում են ապրում: Հավատացած եմ, որ Ձեր պատվիրակության այցն իր նպաստը կունենա հայ-կորեական բարեկամության և փոխգործակցության հետագա զարգացման գործում»,- նշել է նախագահը:



Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շեշտել են, որ տպավորված են Հայաստանով և հուսով են, որ իրենց այցելությունը կխթանի հայ-կորեական գործարար կապերի խորացումը:



Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ատոմային էներգիայի շահագործման, տուրիզմի և այլ ոլորտներում առկա փոխգործակցության ներուժի իրականացման հեռանկարներն ու ուղիները:



Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում և Կորեայում ռեզիդենտ դեսպաններ ունենալու հնարավորությանն ու կարևորությանը: Մտքեր են փոխանակվել Հայաստանի քաղաքացիների համար Կորեա այցելության վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի վերաբերյալ:

--00—ՍՊ