ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 25 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Honda CRV և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է Shamshyan-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ճամբարակի թիվ 35 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Ռուբեն Օհանյանի գլխավորությամբ:
Վիրավորներից 3-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել են Ճամբարակի շտապօգնության ավտոմեքենաներին:
Փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտ պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Վարոսյանն ու Ամուր Գալստյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չառաջանա, ինչը պարեկներին հաջողվում է:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը:
Օպերատիվորեն ժամանել է Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գալստյանի գլխավորությամբ:
Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում, Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավորներից մեկը ճանապարահին մահացել է:
Վթարի մասին Ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, բաժնի պետի տեղակալ Համլետ Աբրահամյանի և հատկապես կարևոր գործորով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Թ. Չանդոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Աբրահամյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
--00—ԱՊ