ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Աբխազիայի ինքնիշխանությանը հակասող փաստ է համարել։
«Հայաստանի վարչապետն իր վերջին հայտարարության մեջ պաշտպանել է Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը, ինչը էապես հակասում է Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանության փաստին»,- նշված է նախագահի մեկնաբանության մեջ։
Բժանիան հիշեցրել է նաև Փաշինյանին, որ Աբխազիայում հարգում են ողջ հայ ժողովրդին, որի մի մասն անցյալի ողբերգական իրադարձություններից իր փրկությունն է գտել հենց Աբխազիայում։
«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, ովքեր իր վարած քաղաքականության հետևանքով բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը», - ընդգծել է նախագահը։
Ըստ Բժանիայի՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։
--00—ԱՊ