ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Ասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ Հայաստանում միջին գնաճը 2023 թվականին կլինի 2.6 տոկոս՝ դա համարելով ցածր ցուցանիշ՝ 2022-ի 8.6 տոկոսի նկատմամբ: Ասիական զարգացման բանկում Հայաստանի տնտեսական ցուցանիշների առումով հաջողության կարևոր գրավականներից մեկը համարում են համակարգային բարեփոխումների իրականացումը: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավան, որը երկօրյա այցով Հայաստանում է նոյեմբերի 27-ից:
-Պարոն Ասակավա, նախ խնդրում եմ ներկայացնել Հայաստան Ձեր այցի նպատակը, ի՞նչ հանդիպումներ և նոր համաձայնագրեր կարելի է ակնկալել:
-Հայաստան մեր այցը բազմակողմանի և համապարփակ օրակարգ ունի: Մեր նպատակն է ամրապնդել համագործակցությունը և սատարել երկրում իրականացվող ընթացիկ ծրագրերին, ուսումնասիրել գործընկերության նոր հնարավորությունները և հանդիպումներ ունենալ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մեր այցի ընթացքում արժանացել ենք բարձրաստիճան պետական այրերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վարչապետի և նախագահի հետ հանդիպումների պատվին: Ամենակարևոր իրադարձություններից մեկը Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի համար վարկային համաձայնագրի ստորագրումն էր, որի շրջանակներում 1.8 կմ ճանապարհ և կամուրջ կկառուցվի Հրազդան գետի վրա: Սա էականորեն կբարելավի միակցվածությունը, կնվազեցնի երթևեկության խցանումները և կընդլայնի կանաչ տարածքները Երևանի բնակիչների համար:
Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիրը (YUDIP) համապատասխանում է Հայաստանի կողմից կլիմայի փոփոխության առումով սահմանած նպատակներին և Փարիզի համաձայնագրին, և մենք ոգևորված ենք այս և միակցվածության բարելավման, արտադրողականության խթանման և, ի վերջո, աղքատության կրճատմանն ուղղված Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) այլ ընթացիկ ծրագրերի հեռանկարների կապակցությամբ: Մենք անհամբերությամբ սպասում ենք սահուն իրականացման ապահովման ուղղությամբ համագործակցությանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ