ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։ Նախարարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացված է ստորև.
«Ձերդ գերազանցություններ,
տիկնայք և պարոնայք
հարգելի՛ գործընկերներ,
Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք հանդիպելու և անկաշկանդ քննարկում ունենալու ԱլԳ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և կիսվելու այս ձևաչափի ապագայի վերաբերյալ մեր գաղափարներով։ Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում Արևելյան գործընկերության տարածաշրջանի առջև ծառացած տարբեր մարտահրավերները՝ ներառյալ անվտանգության ճարտարապետության ցնցումները և հումանիտար խնդիրները, ԱլԳ նախարարական հանդիպումների կազմակերպման հարցում հետևողականությունը ողջունելի է:
ԱլԳ մեկնարկից ի վեր այն նպատակ է հետապնդել ամրապնդել գործընկերների կապերը ԵՄ և և ԵՄ անդամ պետությունների հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների, տնտեսական ու քաղաքական համագործակցությունը խորացնելու և բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակների վրա:
Արևելյան գործընկերությունը նպաստել է իմ երկրում ժողովորադավարական անցման գործընթացին: Հայաստանը հստակ որոշում է կայացրել ընտրել ժողովրդավարացման և բարեփոխումների անշրջելի ուղին: Չնայած վերջին տարիներին մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չի առել: Եվ Հայաստանը վճռական է շարունակելու այս ուղին Եվրոպական միության զգալի աջակցությամբ: Մեր վճռականության վերջին դրսևորումը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր: Միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը:
Մեր կառավարությունը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի որոշումը առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ: Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի եվրոպական ձգտումներ:
Մենք կարծում ենք, որ այս նոր զարգացումները չպետք է հանդիսանան ԱլԳ նկատմամբ հետաքրքրության հետագա նվազման պատճառ, այլ պետք է ծառայեն այս եռյակի ողջունելի առաջընթացը լրացուցիչ կամուրջի փոխակերպելուն այն գործընկերների համար, որոնք ունեն հաստատակամ մտադրություն և վճռականություն առավել մերձենալու Եվրոպական միությանը:
Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի:
--00—ՅՄ