ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News
Այսօր Կառավարության նիստի օրակարգում էր նար 2024-ի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հարցը: Նախագիծը ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Եթե նախկին գործող որոշման համաձայն՝ ծառայություն ստանալու իրավունք ունեին միայն հենաշարժական, տեսողական և հոգևոր կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված էր ընտանիքի անապահովության գնահատման համակարգում և ուներ 10-ից բարձր անապահովության միավոր, ապա այս նախագծով մենք ընդլայնում ենք անձնական օգնականի ծառայության թիրախ խումբը, և ծառայություն է մատուցվելու հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի, մտավոր խնդիրներով անձանց դեպքում՝ նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող՝ 15 տարին լրացած անձանց՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք գտնվո՞ւմ են նպաստի համակարգում, թե՞ չէ:
Հաշմանդամություն ունեցող անձը որպես անձնական օգնական կարող է ներկայացնել իր նախընտրելի թեկնածուին, իսկ նման թեկնածու չունենալու դեպքում ընտրությունը կատարում է Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված անձնական օգնականների առցանց հարթակում առկա վերապատրաստված թեկնածուներից:
Ծառայության մատուցման 1 ժամի գումարը 1050 դրամ է՝ հարկերը ներառյալ»,- ասաց նախարարը:
Այս պահին 57 վերապատրաստված անձ կա, նրանք նպաստի համակարգում գտնվող գործազուրկ անձինք են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, արդյոք շահառուն ընտանիքի անդամը չի կարող է դառնալ: ԱՍՀ նախարարը նկատեց, որ աշխատանքային պայմանագրի լուծման մասով խնդիրներ կարող են առաջանալ: Մյուս կողմից էլ ընտանիքի անդամը կարող է ասել՝ մասնագիտական վերապատրաստման կարիք չունի և հրաժարվի վերապատրաստման վկայական ստանալուց:
--00--ԼՀ