ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սպառազինությունների վերահսկման և չհարձակման պայմանագրի վերաբերյալ առաջարկին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ են առաջարկել Ադրբեջանին: Նա հայտնել է, որ Հայաստանը սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում է առաջարկել Ադրբեջանին, նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում։
Բաքվի ԱԳՆ-ից հայտարարում են, թե նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից կոչ են արել հայկական կողմին «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներին, սակայն Հայաստանն իբր գործնական քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ»։
«Այս ուղղությամբ, հայկական կողմից միջոցներ ձեռնարկելու փոխարեն գործնական նշանակություն չունեցող առաջարկներ հնչեցնելը թյուրիմացություն է ստեղծում և անընդունելի է»,-ասված է հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ, ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը, իր երկիրը վարում է ռազմականացման լուրջ քաղաքականություն, վերջին տարիներին կնքվել են պայմանագրեր մի քանի միլիարդ դոլարի զենքի մատակարարման, ռազմական արդյունաբերության զարգացման համար, Հայաստանի այն պնդումը, թե լրջորեն են վերաբերվում խաղաղության գործընթացին, «քաղաքական շահարկում է»։ Նման «կողմնակալ հայտարարությունները» խոչընդոտում են տարածաշրջանում հետագա զարգացմանը և առաջընթացին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգման վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Բաքվից նշում են նաև, որ «Ադրբեջանը շարունակելու է իր ջանքերը և Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»։
--00—ՅՄ