Որդիս երիտասարդ գնդապետ է, չգիտեմ՝ ինչու են աշխատանքից ազատել. Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Արդարադատության նախարարի որոշումն է եղել, որ իմ որդուն աշխատանքից ազատի, պատճառները չգիտեմ, նախարարը պետք է ասի, թե ինչու է հեռացրել: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով մամուլում առկա այն տեղեկությանը, որ իր որդին՝ Արման Մելքոնյանը, արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից ազատվել է:

Հարցին, թե արդյոք նոր պաշտոնի կնշանակվի՞, պատգամավորը պատասխանեց՝ «երիտասարդ տղա է՝ գնդապետի կոչումով, մի ուրիշ տեղ նորից կծառայի»: Դիտարկմանը, թե նա նոր էր նշանակվել այդ պաշտոնին, մինչ այդ «Արթիկի» քրեակատարողական հիմնարկի պետն էր, ինչո՞վ է պայմանավորված պաշտոնի՝ այդքան արագ փոփոխությունը, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց՝ չի կարող ասել:

Անդրադարձ եղավ նաև այն տեղեկությանը, որ հնարավոր է՝ Արման Մելքոնյանին պաշտոնից ազատել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված հարցով, քանի որ վերջինս ԱԺ Քննիչ հանձնաժողով գնալու ճանապարհին կարճ ժամանակով տեսակցել է մորը։ Այդ ժամանակ աշխատանքից ազատվել է քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը, իսկ Արման Մելքոնյանին հայտարարվել է խիստ նկատողություն, պատգամավորն այսպես արձագանքեց. «Երբ Դավիթ Տոնոյանը տեղափոխվել է Ազգային ժողով, այդ ժամանակ իմ որդին արձակուրդում է եղել, Հայաստանից դուրս է եղել, եթե մի մարդ արձակուրդում է, պաշտոնի չի, իր կողմից ցանկացած հրաման անօրինական կլիներ»:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ