ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևրոգյանը, որը կալանավորվել էր Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող հայտնի կոռուպցիոն գործով, ըստ մամուլի, ցուցմունքներ է տվել նույն գործով կալանավորված անձանց դեմ, այդ թվում՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի դեմ։ Ավելին, չի բացառվում, որ Գևորգյանը ցուցմունք է տվել նաև Լիլի Մկրյանի դեմ։ Լիլի Մկրյանի և Աշոտ Հովհաննիսյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո» -ի հետ զրույցում հայտնեց, որ որ Լիլի Մկրյանն առանձին ցուցմունք չի տվել, Մկրյանի մասնակցությամբ միայն մեկ քննչական գործողություն է եղել, այն է՝ Անի Գևորգյանի հետ առերես հարցաքննություն, թե ինչ էական հակասություններ են եղել՝ Ալեքսանյանը չի մանրամասնում՝ նախաքննական գաղտնիք է։
Պաշտպանը միայն վերահաստատեց, որ Մկրյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Ինչ վերաբերում է Աշոտ Հովհաննիսյանին, որը դեռ շարունակում է կալանքի տակ գտնվել, ապա Գևորգյանը նրա հետ չի առերեսվել, պաշտպանը տեղեկություն չունի՝ Գևորգյանը ցուցմունք տվե՞լ է իր պաշտպանյալի դեմ, թե ոչ։
Նշենք, որ քրեական գործով 7 անձի նկատմամբ հետապնդում է իրականացվում, որոնցից ի սկզբանե կալանքի տակ են գտնվել երեքը՝ Ալեն Սիմոնյանի հարսը, Լիլի Մկրյանը, «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ ՔՊ-ական պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել, սակայն դատախազը որոշել է սեփական նախաձեռնությամբ փոփոխել նրանցից երկուսի՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը՝ պայմանավորելով դա նրանց՝ ցուցմունք տալու հանգամանքով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ