ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Ռուսաստանի կառավարության հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե «Հայաստանը շարժվում է արևմուտքի կողմը և ՌԴ-ն կպատասխանի Հայաստանին»:
«Ռուսաստանի շատ հարևաններ անհանգստացած են սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով, որոնք Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ցուցադրել և պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,-ասել է Միլլերը՝ հերքելով նաև Լավրովի այն հայտարարությունը, թե Արևմուտքը փորձում է վերահսկել Մոլդովայի ղեկավարությունը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արևմտյան երկրները սկսեցին միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին, ինչը երևում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում նրանց քաղաքականությունից, հատկապես հայ ընկերների օրինակով։
--00—ՅՄ