ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններն իրենց հիմքում ունեն ինչպես ընդհանուր պատմությունը և վաղեմի բարեկամությունը, այնպես էլ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին: Երկկողմ հարաբերությունների զարգացումը ևս դիտարկում ենք այս շրջանակում: Այս մասին հունական «Kathimerini» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանն իր զարգացումը տեսնում է ժողովրդավարական հաստատությունների կայացման միջոցով: Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է Հունաստանի փորձառությունը, ինչպես նաև օժանդակությունը:
Կայունությունը և խաղաղությունը հիմնարար արժեքներ են, որոնց ապահովման ուղղությամբ ջանքերում ևս հայ-հունական բարեկամությունն իր ներդրումը կարող է ունենալ: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով հող կնախապատրաստի, որ Հայաստան-Հունաստան սերտ համագործակցությունն ի վերջո բերվի ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի։
Եզրափակելով՝ բարեկամ հույն ժողովրդին մաղթում եմ խաղաղ բարգավաճում և առաջընթաց»,-ասել է նա։
--00—ՅՄ