ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի խոսքով՝ եթե Թուրքիան պատժված լիներ ավելի քան մեկ դար առաջ իրականացրած Ցեղասպանության համար, միանշանակ չէր համարձակվի ահաբեկչական արարքներն ու գործողությունները Սիրիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Սիրիան 12 տարի է, ինչ դիմադրում է այդ ահաբեկչական գործողություններին: Դժբախտաբար, պանթուրքիստական ծրագրերը տակավին շարունակվում են և՛ Սիրիայում, և՛ ընդհանրապես տարածաշրջանում»,- ասաց դեսպանը:
Նորա Արիսյանը մեծ հպարտությամբ նշեց, որ 2020 թվականին Սիրիայի Ազգային ժողովը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և կոչ արեց բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը, հետևել Սիրիայի օրինակին:
«Սիրիայի ժողովուրդը Հայոց ցեղասպանության առաջին ականատեսն է եղել, և առաջիններից է, որ Ցեղասպանությունից փրկված հայերին սրտաբաց ընդունել է: Այսօր մեզ հետ Ցեղասպանության հուշահամալիրում է Սիրիայի Ազգային ժողովից պատվիրակություն, և նրանք նույնպես եկել են զորավիգ կանգնելու Հայաստանին, աջակցելու և կրկին անգամ հիշատակելու, որ Ցեղասպանությունը միայն պատմական արարք չէ ու այն պետք է ճանաչել»,- նշեց Հայաստանում Սիրիայի դեսպանը:
--00—ԼՀ