ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է անդրադառնալ նրբորեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը:
Հարց - Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը ս.թ. ապրիլի 29-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Ասել է նաև, թե Հայաստանը պատրաստակամ չէ համագործակցելու անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզաբանելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
Պատասխան - Հարկ ենք համարում նշել, որ մեկ անգամ ևս հաստատում ենք հայկական կողմի պատրաստակամությունը հանդիպել և բովանդակային քննարկումներ ունենալ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորածների, պատանդառվածների և գերեվարվածների հարցերով զբաղվող ադրբեջանական համապատասխան կառույցի հետ՝ նպատակ հետապնդելով մեկընդմիշտ լուծել ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած, պատանդառված, գերեվարված անձանց հետ կապված բոլոր հարցերը: Անհրաժեշտ է հիշեցնել, որ հայկական կողմը 1990-ականներից ունի 777, իսկ 2020 թ-ից հետո՝ 211 գտնվելու վայրն անհայտ անձ, ինչպես նաև պատանդառված և գերեվարված 23 անձ:
Միևնույն ժամանակ, անթույլատրելի է Ի. Ախունդովի կողմից հնչեցված մեղադրանքներն առ այն, թե իբրև 1990-ականներին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն իրականացրել է ահաբեկչական գործողություններ, ցեղասպանություն, էթնիկ զտումներ, իսկ դրանից հետո՝ էկոցիդ, վանդալիզմ, գերեզմանների նպատակաուղղված ոչնչացում: Նման մեղադրանքներով հանդես գալն անտրամաբանական է այնքանով, որ այս պահին ակնառու են Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի տեղահանման, ադրբեջանցիների կողմից այնտեղ գտնվող հայկական պատմամշակութային կոթողների և գերեզմանների ոչնչացման, պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների սպանությունների և ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի, քաղաքացիական անձանց գնդակահարությունների, դիակների խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ փաստական տվյալները, այդ թվում ադրբեջանցիների կողմից համացանցում տարածված տեսանյութերը և լուսանկարները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ