ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կտեղափոխվի նոր շենք և կվերսկսի աշխատանքը դիվանագիտական առաքելության գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց հետո:
«Անցյալ տարվա հունվարին Իրանում մեր դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իրանական կողմի հետ բանակցությունների հիմնական ուղղություններից էր վերջին մի քանի ամիսների ընթացքում դեսպանատան անվտանգության ապահովման հարցը: Երկու երկրների պաշտոնյաների և համապատասխան կառույցների միջև շփումների և բանակցությունների արդյունքում մեր ակնկալիքները հասցվել են մյուս կողմին: Այդ կապակցությամբ իրանական կողմը համապատասխան աշխատանք է կատարել մեր դեսպանատունը նոր վայր տեղափոխելու համար, որն ավելի անվտանգ է և համապատասխանում է դեսպանատան համար անհրաժեշտ բոլոր պահանջներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ դեսպանատան նոր վայրն արդեն որոշված է․ «Ներկայումս նշված վայրում և շենքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեսպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով, այս աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է դեսպանության գործունեությունը վերսկսել նոր վայրում»,- հավելել է նա։
2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացվել, որի հետևանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, ևս երկու աշխատակից վիրավորվել էին։
Այս միջադեպից հետո Ադրբեջանի իշխանությունները որոշեցին տարհանել Թեհրանում դեսպանատան բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին։ Տարհանումը տեղի է ունեցել հունվարի 29-ին։
Ներկայումս Թավրիզում գործում է միայն Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը։
--00—ԼՀ