ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտներ եւ շեշտել է, որ երկու երկրների հարաբերություններում զարգացման մեծ ներուժ կա:
Բրենդոն Յոդերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու եւ ամրապնդվելու են:
Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրավապահ համակարգում եւ դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին այդ բարեփոխումների ճանապարհին շարունակական աջակցության համար:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտնագությանը վերաբերող հարցեր:
--00—ՅՄ