ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դատարանը մեղավոր ճանաչեց, նրան վեց տարով ազատազրկման դատապարտեց, սակայն նաև համաներում կիրառեց, քանի որ 2018 թվականին Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարել էր համաներում, իսկ նշված հոդվածը նույնպես ընդգրկված է դրանում, Գասպարյանն ազատվեց նշանակված պատժից։
Նշենք, որ Գասպարյանից կգանձվեն դատական ծախսերը՝ 200 հազար դրամ։
Իսկ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին դատարանը մեղավոր ճանաչեց, սակայն ազատազրկումը չկիրառեց՝ հղում անելով 2018 թվականին արված համաներմանն ու վաղեմության ժամկետին։
Հիշեցնենք, որ այս քրեական գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ 2023 թ. հուլիսին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք:
--00—ՅՄ