Հարությունյանը ասել է՝ «101-ը ասում է՝ մերոնք են», կամ՝ «հաստատ մերոնք են», կամ՝ «100% մերոնք են»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

l-KphbDoA9gc

«Հետք»-ը գրում է․ «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճիռը։ Դատարանի որոշմամբ, նա դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի կրման սկիզբը հաշվվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Դատարանն ապացուցված համարեց, որ Արցախի ՊԲ հրամանատարը 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրանքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ բոլոր հարցաքննվածները, ովքեր առնչություն են ունեցել այդ հանգամանքին, իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ջալալ Հարությունյանը ասել է՝ «101-ը ասում է՝ մերոնք են», կամ՝ «հաստատ մերոնք են», կամ՝ «100% մերոնք են»։

Դատաքննության ժամանակ հարցաքննված դիվիզիոնի ողջ անձնակազմը միաբերան պնդել է, որ հնարավոր և հավանական էր առաջին անգամ «թողնել» հրամանը տալու դեպքում անվնաս նահանջ կատարել։ Հայտնել են, որ անձնակազմն արդեն իսկ պատրաստվում էր, վարորդներից ոմանք ավտոմեքենաները թաքստոցից տեղափոխում էին կրակային դիրք և սկսել էին հավաքել ռազմամթերքը։ Սակայն Ջալալ Հարությունյանի՝ «կրակային դիրքը թողնելու» հրամանը չեղարկելուց հետո, անձնակազմը վերադարձել է զբաղեցրած դիրքեր։ Ավելին՝ խորացված հրամանատարական կետից (ԽՀԿ) փոխանցվել են նոր նշանակետեր։

«Ջալալ Հարությունյանի անփութությունը վճռական նշանակություն է ունեցել հակառակորդի գործողություններին ուշ արձագանքելու և կրակային դիրքը ոչ ժամանակին լքելու համար, որի հետևանքով հակառակորդի խմբավորմանը հաջողվել է հայտնաբերված լինելու պայմաններում անարգել մոտենալ անձնակազմին, ինչպես նաև սկսել անմիջական մարտական գործողությունները»,– ասվում է դատավճռում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ