Համաշխարհային ՏՏ խափանումն ազդել է Windows օպերացիոն համակարգով աշխատող մոտ 8,5 միլիոն սարքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

photo_2024-07-21_08-26-00

Համաշխարհային ՏՏ խափանումը, որը կապված է կիբերանվտանգության CrowdStrike ընկերության աշխատանքի հետ, ազդել է Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վրա, հայտնել է Microsoft-ը:

Ընկերության հաշվարկով՝ խոսքը մոտ 8,5 միլիոն սարքի մասին է։

«Չնայած տոկոսը փոքր էր, սոցիալական և տնտեսական զգալի ազդեցությունը ցույց է տալիս, որ CrowdStrike-ն օգտագործվում է կարևոր ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից», - ասվում է Microsoft-ի բլոգում:

Ընկերությունը նշում է, որ ծրագրային ապահովման թարմացումները «երբեմն խափանումներ են առաջացնում», սակայն ընդունում են, որ այս մասշտաբի խափանումը հազվադեպ երևույթ է:

Ամերիկյան կորպորացիան նշել է, որ միջադեպն ուղղակիորեն չի առնչվում Microsoft-ի աշխատանքին, քանի որ ձախողումը տեղի է ունեցել CrowdStrike ծրագրային ապահովման թարմացման պատճառով։ Այնուամենայնիվ, կորպորացիան աշխատել է լուծել խնդիրը, քանի որ այն ազդել է իր էկոհամակարգի վրա:

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին, աշխարհի բազմաթիվ ընկերությունների Windows համակարգերը դադարեցրել են աշխատանքը: Պատճառը CrowdStrike-ի ծրագրի թարմացումներից մեկի թերությունն էր։

--00—ՅՄ