Կոնֆերենցիաների լիգա․ Հայաստանը ներկայացնող երեք ակումբ հանդես կգա որակավորման երրորդ փուլում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Conference-league-e1688020596691-750x375

Այսօր կայացան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները հայկական թիմերի մասնակցությամբ։

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն «Ավանի ֆուտբոլի ակադեմիայում» ընդունել էր մոլդովական «Զիմբրուին» և հաղթել 3-1 հաշվով։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել 3-0 հաշվով։ Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց «Զիմբրուին» 6-1 հաշվով և դուրս եկավ որակավորման երրորդ փուլ, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի հունգարական «Պուշկաշ Ակադեմիան»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին, Երևանում։

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվել էր Մալթայի «Սլիեմային»։ Հանդիպման ընթացքում թիմերից ոչ մեկը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

Տանը տոնած 7-0 հաշվով հաղթանակի շնորհիվ «Նոան» կխաղա մրցաշարի որակավորման 3-րդ փուլում, որտեղ մրցակիցը կլինի հունական ԱԵԿ-ը։ Օգոստոսի 8-ին «Նոան» սեփական հարկի տակ կընդունի հունական ակումբին։

Երեքշաբթի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» ընդունել էր հյուսիսմակեդոնական «Ստրուգային» և հաղթել 3-1 հաշվով։

Հիշեցնենք՝ առաջին խաղում երևանյան թիմը պարտվել էր 1-2 հաշվով։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկի» մրցակիցը ղազախական «Օրդաբասին» է։ Առաջին խաղը մեր թիմը կանցկացնի մրցակցի հարկի տակ օգոստոսի 8-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 15-ին Երևանում:

Այսօր Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» տանը ընդունել էր չեխական «Բանիկին» և 0-2 հաշվով պարտություն կրել։ Այսպիսով, երևանյան թիմն ընդհանուր դիմակայությունում պարտվեց չեխական ակումբին և դուրս մնաց եվրագավաթային պայքարից։

--00—ՅՄ