ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
ՀՀ հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականի՝ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍՆ հանրակրության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
«Հայոց պատմության 8-րդ դասարանի նոր ստեղծված դասագրքի հետ կապված կան որոշ անհանգստություններ ու մտահոգություններ․ թեմաների վերնագրերից մեկում «բռնակցում» բառը օգտագործելու վերաբերյալ։ Ահազանգեր ենք ստացել, որից հետո հեղինակային խմբի հետ աշխատանք է իրականացվել։ Առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը և հեղինակային խումբը ենթավերնագրի վերնագրի ձևակերպումը համապատասխանեցրել է «Հայոց պատմություն» առարկայի առարկայական ծրագրին»,- մանրամասնեց Սարգսյանը։ Այս պահին դասագրքի արդեն խմբագրված տարբերակը ուղարկվել է «Դասագրքերի շրջանառու» հիմնադրամ, որը կտեղադրի կայքում փոփոխված տարբերակը և արդեն տպագրման կգնա այս տարբերակով։
Հանրակրթության վարչության պետի դիտարկմամբ, սա ոչ այնքան վրիպում էր, որքան որ այդ տեսանկյունից հարցը չդիրտարկելու մոտեցում․ «Բողոքները վերնագրի վերաբերյալ էին, որովհետև բովանդակության մեջ արտացոլված էին իրադարձությունները որոնք հաջորդաբար տեղի էին ունեցել 19-րդ դարում»,- ասաց Սարգսյանը։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ