ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ ակադեմիական շրջանակի և հանրության շրջանում բարձրացված արձագանքից ելնելով՝ ԿԳՄՍ նախարարը նախաձեռնել է հանդիպում գրքի հեղինակի և բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությամբ: Բոլոր բարձրացված հարցերը փոխանցվել են հեղինակին, ով այժմ աշխատում է բոլոր հարցերի շուրջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով դասագրքի շուրջ առկա դժգոհություններին:
Նա նշեց, որ իրենք բոլոր դասագրքերի վերաբերյալ հավաքագրում են տեղեկատվություն, և բոլոր հեղինակները հանձնարարական էին ստացել հավաքագրված տեղեկատվության համաձայն պատրաստել ներդիրներ, որպեսզի անհրաժեշտ խմբագրական որոշակի շտկումներն իրականացվեն:
«Իսկ «Հայոց պատմություն» դասագիրքը բոլորովին այլ ընթացակարգով է գնում, քանի որ այն թե՛ ակադեմիական շրջանակի, և թե՛ հանրության շրջանում բավականին մեծ արձագանք ունեցավ, որի առիթով մենք մի շարք հանդիպումներ ենք նախաձեռնել, լսել ենք տարբեր մարդկանց կարծիքներ: Այդ բոլոր հանդիպումներին հրավիրել ենք նաև դասագրքի հեղինակին և ստեղծող կազմակերպությանը:
Եվ մեր վերջին հանդիպման ժամանակ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ու բոլոր կարծիքները, դիտողություններն և դիտարկումները հանձնվել են դասագրքի հեղինակին, ով ամփոփաթերթի տեսքով նախարարություն կներկայացնի, թե յուրաքանչյուր դիտարկման կամ դիտողության վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի, ի՞նչ շտկումներ է իրականացնելու, ինչի՞ հետ է համաձայն, և ինչի՞ հետ ոչ: Ամփոփաթերթի պատրաստ լինելուց հետո մենք, իհարկե, կկիսենք դա բոլոր այն մարդկանց հետ, որոնք այդ կարծիքները և դիտողությունները ներկայացրել էին»,- ասաց նախարարի տեղակալը:
Սվաջյանն ընդգծեց, որ ամփոփաթերթը այնուհետև կուղարկեն գաղտնի և անկախ փորձաքննության, որպեսզի հասկանան թե հեղինակի կողմից ընդունված կամ չընդունված դիտողությունները ինչ ազդեցություն կարող են ունենալ դասագրքի հետագա կիրառման վրա:
«Գործընթացը այժմ ընթանում է, դասագրքի հեղինակը աշխատում է առաջարկների և դիտողությունների վրա, և, երբ մենք կունենանք վերջնական պատասխանը, հաջորդող բոլոր գործողություններն իրականացնելուց հետո այդ մասին կիրազեկենք»,- եզրափակեց Սվաջյանը:
--00--ԼՀ