ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը։ Այս մասին 24News-ը տեղեկացավ դատախազությունից։
Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը բողոքարկվել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում էր վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նշենք նաև, որ երրորդ նախագահի պաշտպանական թիմն ամբողջ դատավարության ընթացքում նշում էր, որ գործն ունի քաղաքական բնույթ և վերջում գործը փլվելու է՝ փաստարկների լիովին բացակայության պատճառով։
Նշենք նաև, որ նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։
--00—ԼՀ