ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրան ուղեկցող մի շարք ՔՊ-ական պատգամավորների այցը Կանադա, որը նախատեսված էր սեպտեմբերի 25-30-ը, հետաձգվել է Կանադայի ներքաղաքական խնդիրների պատճառով։ Ինչպես 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը, Ալեն Սիմոնյանին է զանգել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը և խնդրել հետաձգել այցը, քանի որ երկրի կառավարող կոալիցիայից դուրս է եկել մեկ ուժ, ստեղծվել է ներքաղաքական ճգնաժամ ու մինչև հիմա չկա հանգուցալուծում։
«Կարևոր է նշել, որ այցը ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է, մինչև որ Կանադայում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվի», - նշեց մեզ հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակը։
Հիշեցնենք, որ, ըստ Ալեն Սիմոնյանի ստորագրած հրամանագրի, սեպտեմբերի 25-30-ը Օտտավա մեկնող պատվիրակության կազմում ընգրկվել էին բացառապես իշխող ուժի պատգամավորներ Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։
Ալեն Սիմոնյանի ու բացառապես ՔՊ-ից կազմված պատվիրակության այցի առնչությամբ հանդես էր եկել ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն, որը հայտարարել էր, թե «կանադահայությունը մտադրություն չունի ողջունելու ժողովրդավարության տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրավունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելությունը»։
Հետաքրքրական է նաև, որ Ալեն Սիմոնյանի այցին ընդառաջ, երբ դեռ չէր հայտարարվել դրա չեղարկման մասին, Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին, որով շեշտել էր Արցախի ինքնորոշման, արցախահայության վերադարձի իրավունքի, ինչպես նաև ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին։ Սրանով Կանադան հայտարարել էր մի բան, որը կտրականապես մերժում է ոչ միայն պաշտոնական Բաքուն, այլ նաև հայաստանյան իշխանությունները՝ հրաժարվելով խոսել Արցախի ինքնորոշման ու վերադարձի իրավունքի մասին։
Հ. Գ. Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը նաև հայտարարել էր, թե չի մասնակցելու Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծմանը՝ հաշվի առնելով, որ այդ օրերին գտնվելու է Կանադայում։ Այցի չեղարկման ֆոնին կանդրադառնանք նաև, թե արդյո՞ք նա պատրաստվում է մասնակցել համաքրիստոնեական կարևորություն ունեցող այս միջոցառմանը։
--00—ԼՀ