ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Յոավ Գալանտը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել Իսրայելի կողմից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման «գրոհների ենթակառուցվածքները» ոչնչացնելու անհրաժեշտության հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«Նրանք համաձայնության են եկել սահմանի երկայնքով գրոհների ենթակառուցվածքների ապամոնտաժման անհրաժեշտության հարցում` երաշխավորելու, որ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը չկարողանա հարձակումներ իրականացնել Իսրայելի հյուսիսային համայնքների վրա, ինչպես դա եղավ հոկտեմբերի 7-ին (խմբ.՝ Գազայի հատվածում)», - ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Օսթինը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը «Իրանի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, հութիների և Իրանի կողմից աջակցվող այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»։
Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ դիվանագիտական լուծում է պահանջվում իրենց տներ քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձն ապահովելու համար՝ սահմանի երկու կողմում։
Զրույցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել ամերիկյան անձնակազմին, գործընկերներին և դաշնակիցներին «Իրանի և Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական կազմակերպությունների սպառնալիքների դեպքում»։
Երկու նախարարները «քննարկել են Իրանի համար լուրջ հետևանքները», եթե Թեհրանը որոշի ուղղակի ռազմական հարձակում իրականացնել Իսրայելի վրա։
--00—ԼՀ