ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ակնհայտ է, որ Բաքուն ուժային ճանապարհով ճնշելու է Հայաստանին իր պահանջները կատարելու համար, պետք է պատրաստվենք և բալանսավորենք մեր արտաքին քաղաքականությունը։ Թշնամու դեմ միայնակ ենք մնացել, Փաշինյանը մերժել է բոլոր միջնորդներին և Էրդողանին է խնդրում, որ ազդի Ադրբեջանի վրա ու խաղաղություն լինի։ Արցախում ցեղասպանություն արածն ինչպե՞ս կարող է միջնորդ լինել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Խոսելով Ադրբեջանի պահանջների մասին, որ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է դատապարտի պատերազմին մասնակցած անձանց, Օհանյանը նշեց, որ դա անհեթեթություն է, ՀՀ իշխանությունը պետք է դրան արժանի պատասխան տա։ Ըստ նրա՝ Ադրբեջանը պետք է պատասխան տա 1992-1994 թվականների պատերազմի, հետպատերազմյան տարիներին եղած զոհերի, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների ու այսօր ՀՀ տարածքն օկուպացնելու համար։
Անդրադառնալով ընդդիմության պայքարին և այն տեսակետին, որ Սրբազան պայքարը կհաջողի, եթե երկրորդ, երրորդ նախագահներն ու թիմակիցները հեռանան քաղաքականությունից՝ Օհանյանն ընդգծեց, որ հասարակությունը հնի-նորի չպետք է բաժանել, դա սխալ է։
«Դաշտը բաց է, թող միանան նրանք, ովքեր ցանկանում են իշխանությանը հեռացնել, Բագրատ Սրբազանը թող որոշի, որ քաղաքական ուժին է ուզում տեսնել իր կողքին, մենք իրեն աջակցում ենք, պաշտոններ ձեռք բերելը մեր համար գերնպատակ չէ, կարող ենք մեր փորձով ուղղակի կիսվել։ Ես ոչ մի ակնկալիք չունեմ, միակ ակնկալիքս այս իշխանությանը փոխելն է և երկրի գահավիժումը կանխելը»,- ավելացրեց Օհանյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ