Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել տրամագծորեն հակասող որոշմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ee0dc655da02e88747edcd64313856a3_1697702126

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ, այնուհետև կգործի միայն հատուկ խմբերի համար, գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ այս որոշումը կայացվել է արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում։

Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։ 

Իսկ եթե այնուամենայնիվ արցախյան որևէ շրջանակի հետ իրապես հանդիպում եղել է, և այս որոշման համար հիմք է հանդիսացել նրանց առաջարկ-դիտարկումները, ապա արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել և նրանց շահերին հակացող առաջարկ-դիտարկումներ ներկայացնել։

Հ․Գ․ Տեղեկացված եմ, որ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ նման քննարկումներ չեն եղել»։

--00—ՅՄ