ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Ավելի քան վստահ եմ՝ COP29-ը դրական չի անդրադառնալու Արցախի նախկին ղեկավարության` Բաքվից ազատվելու խնդրի վրա։ Նրանք քաղաքական բանտարկյալների կարգավիճակ ունեն, նրանց գործոնն Ադրբեջանի կողմից շահարկելի է, ուստի՝ որոշակի սահմանափակ թվով գերիների վերադարձի հարց կարող է լինել, բայց դա չի վերաբերվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանի փոխանցմամբ, այս պահին 23 հայեր ապօրինի պահվում են Բաքվում, որոնց թվում են քաղաքացիական անձինք և զինվորականներ, հինգ անձ 2020 թվականից է գերեվարված, մնացածը՝ 2023-ին, գերեվարված 23 թվի մեջ են նաև Արցախի ութ ռազմաքաղաքական ղեկավարները։ Սահակյանը տեղեկացրեց, որ հայտնի է 20-ից ավել անհետ կորածների և բռնի անհետացման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալներ, սակայն Բաքուն հերքում է տեղեկությունը։ «Գերեվարված հայերն առանձնահատուկ դաժանության են ենթարկվում կապված եթնիկ պատկանելության հետ, հայրենադարձված գեթ մեկ անձ չի հերքել խոշտանգումների փաստը։
Կան արձանգրված դեպքեր, երբ գերեվարված անձինք մահացել են խոշտանգումների պատճառով։ Պետք է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հետաքննում հայերի դեմ իրականացված խոշտանգումները, նույնիսկ պետությունը խրախուսում է նրանց։
Հայտնի են դեպքեր, երբ Ադրբեջանի ՄԻՊ-ը ցուցադրական այցելությունների շրջանակում ոչ թե կանխել է, այլ՝ նպաստել է վատ վերաբերմունքի և խոշտանգումների իրականացմանը։ Նա որոշակի արտահայտութուններ է կատարել, որոնք հոգեբանական խոշտանգման տարրեր են պարունակել՝ մեղադրելով նրանց չկատարած հանցագործություների մեջ, սպառնալով նրանց նկատմամբ պատիժ կիրառել»,- ընդգծեց Սահակյանը։
Իրավապաշտպանը նաև նշեց, որ գերիների` իրենց հարազատների հետ կապ հաստատելու պարբերականությունը հստակ չէ՝ մեկ-երկու ամիսը մեկ է լինում, երբեմն հրաժարվում են տեսակապով կապվել ընտանիքի հետ՝ ֆիզիկական և հոգեկան ծանր վիճակի պատճառով։ Իսկ վերադարձած անձինք պատմել են, որ ողջ հաղորդակցությունը վերահսկվում է և անցանկալի տեղեկատվությունը հանգեցնում է պատժիչ գործողությունների։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ