ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
«Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես,
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած»: Ե. Չարենց
Բռնկվող աստղերը փոփոխական աստղեր են, որ կտրուկ և ոչ պարբերաբար փոխում են իրենց փայլը: Նման աստղերը կազմում են Գալակտիկայի աստղերի նշանակալից մասը: Առաջին բռնկվող աստղը հայտնաբերվել է 1924թ.-ին, երբ Ողնուցի համաստեղության մեջ լուսանկարներում հայտնաբերվեց թույլ կարմիր աստղի բռնկում: Դրանց դասը առ այսօր աստղագիտության ամենահետաքրքրաշարժ օբյեկտներից են:
Բռնկվող աստղերն ունեն երեք բնութագրիչ առանձնահատկություններ. փայլի ճողփյունի պատահական բնույթ, հզոր գունոլորտ ու պսակ, բծավոր լուսոլորտ:
Բռնկվող աստղերի անկայունության երևույթների ուսումնասիրման ասպարեզում մեծ է Բյուրականի գիտնականների վաստակը: Մի քանի փաստեր միայն:
- Բազումք աստղակույտի բռնկվող աստղերի մի քանի բռնկումների առաջին միաժամանակյա դիտումները երկգույն ճառագայթներում երկու աստղադիտակներով, կատարվել են Բյուրականի աստղադիտարանում: Հետագայում բռնկումների միաժամանակյա եռագույն դիտումներ իրականացվեցին Օրիոնի աստղասփյուռի և Բազումք աստղակույտի բռնկվող աստղերի դեպքում:
- Բռնկվող աստղերի բռնկումների էլեկտրալուսաչափական դիտումների վիճակագրական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց հաջորդականությունը յուրաքանչյուր աստղի մոտ բավականաչափ լավ կարելի է ներկայացնել պատահական մեծությունների բաշխման Պուասոնի օրենքով:
- Վ. Համբարձումյանը ցույց տվեց, որ ցածր լուսատվության ու փոքր զանգվածով բոլոր կարմիր աստղերն իրենց երիտասարդության ընթացքում անպայման անցնում են բռնկումային փուլով: Էլմա Պարսամյանը մշակեց մի մեթոդ, որը թույլ է տալիս աստղասփյուռի կամ աստղակույտի տարիքը որոշել, օգտագործելով այդ համակարգերում առկա բռնկվող աստղերի բռնկումային ակտիվությունը:
- Անկայուն աստղերի հազվագյուտ տիպ են ֆուորները, որոնք գտնվում են աստղային էվոլյուցիայի սկզբնական փուլում: Դրանք գերհսկաներ են, շրջապատված փոշով ու միգամածություններով: Սրանց տեսանելի ճառագայթման հզորությունը զարգացման որոշ շրջանում մոտ մեկ տարվա ընթացքում անընդհատ աճում է ավելի քան հարյուր անգամ, որից հետո մնում է գրեթե անփոփոխ: Ելնելով ֆուորի երիտասարդ տարիքից ու նախաստղային նյութի՝ իր առաջարկած վարկածից, Վ. Համբարձումյանը տվել է ֆուորի երևույթի մի հավանական բացատրություն:
…Իմ այս փոքրիկ զրույցը՝ բռնկվող աստղերի մասին, կշարունակեմ հայ հանճարների խոսքով. մեջբերումներ Վիկտոր Համբարձումյանից ու Գրիգոր Գուրզադյանից: Թարգմանությունները կատարել եմ Գ. Գուրզադյանի “ Звездные вспышки: Физика. Космогония” М., “Наука”, 1985г. գրքից:
«Աստղային անկայունության հզոր դրսևորում է բռնկումը-աստղի փայլի ինքնաբուխ, կարճաժամկետ, բայց շատ արագ և ուժեղ մեծացումը օպտիկական ճառագայթներում: Աստղային բռնկման երևույթն ունի կոսմոգոնիկ՝ տիեզերածնական նշանակություն:
Բռնկումը նախ սերտորեն կապված է աստղի ներքին կառուցվածքի և ներաստղային էներգիայի բնական աղբյուրների հետ, և հետո՝ հիմնական միջոց է աստղի ավելցուկային էներգիայից ազատվելու համար՝ աստղի ձևավորման և էվոլյուցիայի ճանապարհին:
Բռնկումն ունի համաալիքային բնույթ. այն ընդգրկում է ոչ միայն օպտիկական տիրույթը, այլև՝ ռադիո, ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթները: Դա նշանակում է, որ բռնկման պահին պետք է հայտնվեն հսկայական քանակի էներգիական մասնիկներ՝ ռելյատիվիստիկ էլեկտրոններ, աստղի չափերը մեծապես գերազանցող տարածության մեջ»:
«Գաճաճ ոչ ստացիոնար աստղերի և անոմալ միգամածությունների բռնկումների բնության, անընդհատ առաքման իմացության նոր փուլն սկսվում է 1954թ.-ից, երբ Վ. Համարձումյանն այն ժամանակ հայտնի դիտողական նյութերի մանրակրկիտ վերլուծության արդյունքում եկավ եզրակացության, որ աստղի կողմից լրացուցիչ էներգիայի արձակման բոլոր նման դեպքերը չեն կարող ունենալ ջերմային բնույթ: Ընդ որում, հատկապես ընդգծվում են երկու հանգամանք. աստղի փայլի աճի բացառիկ բարձր տեմպը և շատ կարճ ժամանակում աստղի ճառագայթած էներգիայի շատ մեծ քանակը:
… Վ. Հ. Համբարձումյանը բացառում է նաև բռնկումներում մեզ հայտնի տիպերի միջուկային երևույթների ընթացքը և համարում է, որ նրանք «իրենց բնույթով կտրուկ տարբերվում են միջուկային էներգիայի անջատման մեզ արդեն հայտնի պրոցեսներից, հատկապես՝ ջերմամիջուկային ռեակցիաներից: Այն փաստը, որ անջատումը կատարվում է բռնկման նման, խոսում է աստղի ընդերքից արտաքին շերտեր զանգվածների տեղափոխման մասին, որոնք գտնվում են միջուկային –անկայուն վիճակներում: Մյուս կողմից, քանի որ այդ երևույթները դիտվում են երիտասարդ աստղերի մոտ, բնական է ենթադրել, որ դուրս մղվող զանգվածը կազմված է նախաստղային գերխիտ նյութից, այսինքն՝ իրենից ներկայացնում է մեզ մինչ այժմ անհայտ վիճակի բացարձակապես հատուկ մատերիա»»:
(Ambarzumian V. A. Non-Stable Stars.-Cambridge: University Press, 1957, p.177):
«Աստղային բռնկումները վիթխարի իրադարձություն են, իրապես «աստղային»՝ իրենց մասշտաբներով, իրադարձություն, որ իր դրսևորման յուրաքանչյուր ակտում ընդգրկում է աստղի շրջակայքի հսկայական տարածություն և զարգանում է աներևակայելի արագությամբ: Իրադարձություն, որի հետևանքները կրկնվում են զարմանալի հաստատունությամբ և միաժամանակ ամենատարբեր դրսևորումներով՝ անընդհատ առաքման տեսքով, ուժեղ էմիսիոն գծերով, հզոր ռադիոճառագայթմամբ, ռենտգենյան ֆոտոնների արձակումով, տարրական մասնիկների ազատումով և այլն: Իրադարձություն, որ տեղի է ունենում շատ հաճախ և բացառապես բուռն՝ աստղերի ձևավորման ու զարգացման սկզբնական շրջաններում, հանդարտվում է նրանց ծերացմանը զուգընթաց և այդ պատճառով էլ ունի հստակ արտահայտված կոսմոգոնիկ նշանակություն:
… Բռնկվող աստղերի ցանկացած կուտակումը սահմանափակ ծավալում պետք է դիտվի միաժամանակ նաև որպես աստղառաջացման օջախ»:
«Աստղի՝ ավելցուկային զանգվածից ազատվելու հիմնական միջոցը, գազային նյութի սպառմամբ կամ ժայթքմամբ, կոսմոգոնիայում ճանաչված է որպես յուրաքանչյուր աստղի ձևավորման և էվոլյուցիայի առաջին պահանջ: Երկրորդ, ոչ պակաս կարևոր պահանջն այն է, որ աստղի էվոլյուցիան չի կարող ընթանալ այլ կերպ, քան ավելցուկային էներգիայից ազատումը, և դա իրականանում է բացառապես բռնկումների ձևով. անընդատ՝ աստղի զարգացման վաղ շրջաններում, և ինքնաբուխ՝ ուշ շրջաններում»:
«Իմ կողմից առաջ քաշած կոնցեպցիան տիեզերական ճառագայթները դիտարկում է որպես աստղառաջացման պրոցեսի պրոդուկտներից մեկը: Տիեզերական ճառագայթների գոյության փաստը, ամենայն հավանականությամբ, դժվար է մեկնաբանել այլ կերպ, քան ցուցիչ, որ Գալակտիկայում աստղերի ու նրանց համակարգերի ծնունդն ու ձևավորումը շարունակվում են նաև այժմ:
Աստղասփյուռները, որ Գալակտիկայում ցրված են ավել կամ պակաս հավասարաչափ, դառնում են տիեզերական ճառագայթների հսկա արագացուցիչներ: Դրանք ըստ էության հանդես են գալիս որպես աստղասփյուռներում աստղերի ծննդի ու ձևավորման «վկաներ»»:
«Գրիգոր Գուրզադյանը հոգևոր մտերմություն է փնտրում երկնային ու երկրային ծաղիկների միջև՝ ստեղծելով երկրային ծաղիկների զարմանահրաշ պատկերներ»): (Հովիկ Հովեյան)
Գրիգոր Գուրզադյանը նաև հիանալի աձակագիր էր և գեղանկարիչ։
Նկարում՝ Գ․ Գուրզադյան, Ծաղիկներ։
Զարուհի ՊԵՏՐՈՍՅԱՆ
--00—ԱՊ