3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությունը արագ կարճվել է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

zzz.j

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է նորաստեղծ գվարդիայի ղեկավար դառնալ, շուրջ 4 տարի` 2015-2019 թթ., պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը:

Ըստ օրենքի, բնակավայրից 30 եւ ավելի կիլոմետր հեռու ծառայող ոստիկաններին պետությունն ամսական 65 հազար դրամ է տրամադրում: Բաբայանն ապրում է Գառնիում, որը Երեւանից հեռու է 25-27 կմ: Հիմա էլ նա ապրում է Գառնիում, աշխատում` Երեւանում, բայց 2019-ից դադարեցրել է դոտացիա ստանալը․ երեւի ասել են՝ կբացվի, որ օրենքի խախտում է: Այս դեպքով անգամ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է նշանակել, որն արագ կարճվել է՝ ՔՊ-ում ունեցած «լավ ախպերների» շնորհիվ։

Հայկ Բաբայանը, որն այս տարիներին համակարգել է սեւ բերետավորների հարձակումները ցուցարարների վրա, նռնակների նետումից մինչեւ ծեծուջարդ, պարզվում է` ծանր է տարել մեր հրապարակումը եւ կառչել է տեխնիկական վրիպակից, որը տեղ էր գտել երեկվա հրապարակման մեջ` նա 4 տարվա ընթացքում 3 միլիոն դրամից ավելի գումար է ստացել պետությունից, որը ցավալի տեխնիկական վրիպակի պատճառով մեկ 0 ավելի էր գրվել` 30:

Ճիշտ է` հրապարակումից րոպեներ անց վրիպակն ուղղել ենք, սակայն Բաբայանը կապվել է իշխանական կայքերի հետ եւ հերքել տվել մեր հրապարակումը, թե ինքը 30 միլիոն չի ստացել պետբյուջեից:

Զավեշտալին այն է, որ Բաբայանը չի հերքել իրեն բնակվարձ տալու փաստը, այլ միայն գումարի չափը։ Բայց ՀՀ իրավապահներն այս տարիներին 3 միլիոն դրամից շատ ավելի փոքր գումարների յուրացման համար են գործեր հարուցել, հուսանք՝ սա էլ անհետեւանք չեն թողնի, եւ նոր նախարար Արփինե Սարգսյանն էլ սրանով կզբաղվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

--00—ԼՀ