ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Ռուսաստանում գտնվելու ռեժիմը խախտելու համար, երկրից կարտաքսվեն Կրասնոդարի դպրոցում դանակով իր հասակակիցների վրա հարձակված դեռահասի ծնողները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, հաղորդում է Կուբանի դատարանների միասնական մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեկտեմբերի 6-ի երեկոյան թիվ 94 դպրոցում տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում երկու դեռահաս է դանակահարվել։ Քննիչները քրեական գործ են հարուցել անփութության և խուլիգանության հատկանիշներով։ Ինչպես ավելի ուշ պարզաբանել են մարզային օպերատիվ շտաբից, բոլոր տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից։
Չորեքշաբթի օրը դատարանը մերժել է խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականին ձերբակալել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողությունների արգելքի տեսքով՝ արգելվում է դպրոց հաճախել կամ օգտվել ինտերնետից։
Դատարանը որոշել է վարչական տույժ սահմանել՝ 2000 ռուբլու չափով՝ Ռուսաստանի Դաշնությունից վարչական հարկադիր արտաքսմամբ՝ օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման վայրում նախնական տեղավորմամբ», - ասված է հաղորդագրությունում։
Պարզաբանվում է, որ դեռահասի ծնողները Հայաստանի քաղաքացիներ են և մեղավոր են ճանաչվել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու ռեժիմը խախտելու մեջ։
--00—ՅՄ