Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ն.p

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակով և հատկապես Սիրիայի հայ համայնքի ճակատագրով։ Այս մասին ասված է՝ միավորման տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, մենք դատապարտում ենք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ամոթալի գործելակերպը, ինչպես նաև ՀՀ գործող վարչախմբի անհաղորդ վարքագիծը Սիրիայի հայության հանդեպ։

Ելնելով Սիրիայում ստեղծված իրավիճակից` մենք պահանջում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից անհապաղ երկխոսություն սկսել Սիրիայի փաստացի իշխանությունների հետ տեղի հայության անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով, ինչպես նաև կազմակերպել Սիրիայի հայ համայնքի հայրենադարձությանն ուղղված անհապաղ գործողություններ` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն։

Սիրիայից ժամանած մեր հայրենակիցների կացության կազմակերպման նպատակով պահանջում ենք՝

  • Հայաստան տեղափոխված մեր բոլոր հայրենակիցներին սահմանված կարգով տրամադրել մշտական կացության քարտ կամ փախստականի կարգավիճակ։
  • Հարկային արտոնություններ տրամադրել Սիրիայում գործող և Հայաստան տեղափոխվող մասնավոր ընկերություններին ու անհատ ձեռներեցներին։
  • Սիրիական բուհերում սովորող հայ ուսանողներին ընդգրկել հայաստանյան համապատասխան բուհերում։

--00—ԼՀ