ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վեհափառ հայրապետը շնորհավորական նամակ է հղել Ժոզեֆ Աունին՝ ողջունելով Լիբանանի նախագահի պաշտոնում նրա ընտրվելը և ընդգծելով, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից պատմության մեջ։
Արամ Ա-ն հույս է հայտնել, որ վերջին տարիներին Լիբանանի դիմագրաված տագնապներից հետո նախագահ Աունի ընտրությամբ վերականգնման և վերածաղկման նոր գործընթաց պետք է սկսվի։
Միաժամանակ, Վեհափառ հայրապետը նախագահին վստահեցրել է, որ հայ առաքելական համայնքը կլինի նրա կողքին՝ զորակից ու մասնակից լինելով Լիբանանի վերականգնմանը նպաստող բոլոր աշխատանքներին։ Արամ Ա-ն նաև հայտնել է, որ մոտ ապագայում այցելելու է նախագահական պալատ՝ անձնապես փոխանցելու իր շնորհավորանքները։
--00—ԼՀ