Մի շարք ծառայությունների համար, որոնք ներկայումս անվճար են, պետական տուրք կգանձվի. նախագիծ․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Ֆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2024 թ. հունիսի 6-ի N 834-Ն որոշման մեջ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հանդիսանում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում պետական լիազորված մարմին:

Կոմիտեն կանոնակարգման և վերահսկողության իր գործառույթների իրականացման հետ մեկտեղ, «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն, ներկայում մատուցում է նաև մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, սահմանված չի եղել պետական տուրք (սահմանված է եղել ընդամենը մեկ ծառայության համար, այն էլ՝ «սիմվոլիկ»)։ Արդյունքում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թ. մայիսի 2-ի ՀՕ-218-Ն օրենքով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար արդեն սահմանվել է պետական տուրք, որի համար հիմք է հանդիսացել նաև կոմիտեի կողմից միջազգային փորձի ուսումնասիրությունը: 

Այն ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Մասնավորաբար ուսումնասիրվել է Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների փորձը: Նախագծով առաջարկվում է սահմանել ընթացակարգ՝ օրենքով սահմանված պետական տուրքը գանձելու, ինչպես նաև սահմանված տարեկան տուրքը չվճարելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։

Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև N-834-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխով նախատեսված վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման կարգը։ Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվություն Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները ստանում են համաձայն կարգի Ձև N 1-ի։ Կարգի 4-րդ գլուխը վերաբերում է վտանգավոր բեռների օդով փոխադրման համար համապատասխան փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման գործընթացին՝ Հայաստանում գրանցված օդանավ շահագործողների կամ նրանց բեռնային փոխադրումների գործակալների կողմից լիազոր մարմնին ուղարկվող հայտերի հիման վրա։ 

Հայտով սահմանված օդով վտանգավոր բեռների փոխադրման համար համապատասխան փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման գործընթացի կատարման համար անհրաժեշտ է լիազոր մարմնի կողմից համաձայնություն։

Այն տալիս է համաձայնություն հայտով սահմանված փոխադրումը կատարելու համար, այլ ոչ թե թույլտվություն։ Նա ուսումնասիրում է հայտով ներկայացված տեղեկատվությունը՝ փոխադրումն իրականացնող ավիաընկերության շահագործման հատուկ դրույթներում համապատասխան նշումները, փոխադրվող վտանգավոր բեռի բնույթը, ՄԱԿ-ի կողմից վտանգավոր բեռին տրված քառանիշ ծածկագիրը, բեռի քանակն ըստ չափման միավորի, ընդհանուր տեղերի քանակը, փաթեթավորման տեսակը, փոխադրման ուղղությունը, օրը, չվերթի համարը և տրվում համաձայնություն փոխադրումն իրականացնելու համար»:
 

--00—ՍՊ