ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս՝ քննարկելու Գազայում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

.

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը՝ Գազայում շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայյայի գլխավորությամբ, մեկնել է Կահիրե՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի կատարման վերաբերյալ հարցեր։ Այս առնչությամբ իսրայելական լրատվամիջոցներն ակնարկել են բանակցություններում հնարավոր առաջընթացի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Al Jazeera լրատվականը։

Ալ-Հայյան հայտնել է, որ այցը տեղի է ունենում Եգիպտոսի և Կատարի միջնորդական ջանքերի շրջանակներում՝ զսպելու Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ ստեղծված ճգնաժամն այն բանից հետո, երբ Իսրայելը սպառնացել է վերսկսել մարտերը, եթե ՀԱՄԱՍ-ը չազատի ձերբակալվածներին առաջիկա շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին:

«Միջնորդները (Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն) ջանքեր են գործադրում՝ Իսրայելին պարտավորեցնելու իրականացնել Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները»,- նշվել է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, որտեղ ընդգծվում է, որ Իսրայելը խուսափում է համաձայնագրի շատ կետերի կատարումից։

ՀԱՄԱՍ-ը պարզաբանել է, որ իր դիրքորոշումը հստակ է, և որ շարժումը չի ընդունի ամերիկյան և իսրայելական սպառնալիքների լեզուն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի բոլոր պատանդներին մինչև փետրվարի 15-ի կեսօր, ապա ինքը «թույլ կտա, որ դժոխքը վրա հասնի»։

Շարժումը կոչ է արել իսրայելական ուժերին կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները նախքան ձերբակալվածների ազատ արձակումը, ինչպես նաև կոչ է արել պահպանել համաձայնեցված մարդասիրական արձանագրությունը։

Հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին՝ ավերիչ պատերազմի սկսվելուց ավելի քան 15 ամիս անց։ Այն նախատեսում է հրադադար և Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակում՝ իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների ազատման դիմաց։
 

--00--ԱՀ