Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակաօրինական արարք է, ինձ uտիպում է որոշակի դադար վերցնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

.

Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն անկախ նրանից, որ ես իսկապես չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Անհրաժեշտ եմ համարում պարզաբանել մեկ հանգամանք ևս. իսկապես ես անչափ շատ եմ սիրում փաստաբանի գործունեությունը: Որպես փաստաբան հանդես գալը, որպես պաշտպան հանդես գալը, պայքարելն իրավունքների և շահերի պաշտպանության համար, լինել դատարանում թոհուբոհի մեջ, չի կարող փոխարինվել որևէ այլ գործունեության հետ: Միաժամանակ պետք է ուղիղ ասեմ, իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն անկախ նրանից, որ ես իսկապես չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ այսպես թե այնպես ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել: Այդ դադարը կարևոր է անկախ նրանից ես կարդարացվեմ, թե բողոքարկման գործընթացում կլինեմ: Այն ինձ հնարավորություն կտա գիտելիքներս կատարելագործելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ եռանդով վերադառնալու»,-գրել է նա:

Ավելի վաղ Էրիկ Ալեքսանյանը հայտարարել էր, որ  մոտ ժամանակներս որոշ ժամանակով ավարտելու է իր գործունեությունը որպես փաստաբան:

«Այսօր կանգնած եմ մի կարևոր հանգրվանի առջև։ Տարիներ շարունակ ես նվիրել եմ իմ ուժերը, գիտելիքը և փորձը արդարության պաշտպանությանը՝ պայքարելով յուրաքանչյուր իրավունքի համար։ Այդ ճանապարհին ես հանդիպել եմ հզոր գործընկերների, վստահել եմ իմ գիտելիքը սերունդներին և, ամենակարևորը, օգնել եմ մարդկանց գտնել արդարությունը։

Հիմա եկել է ժամանակը նոր էջ բացելու իմ կյանքում։ Ես մոտ ժամանակներս որոշ ժամանակով ավարտելու եմ իմ գործունեությունը որպես փաստաբան՝ մեծ երախտագիտությամբ այն բոլոր մարդկանց, ովքեր վստահել են ինձ, ոգեշնչել և աջակցել այս տարիների ընթացքում։

Սակայն սա հրաժեշտ չէ, այլ նոր սկզբի սկիզբ։ Մնում եմ նույն իրավունքի ջատագովը, նույն սկզբունքների հետևորդը, պարզապես այլ ձևաչափով։ Շնորհակալ եմ բոլորիդ վստահության, համագործակցության և անկեղծ բարեկամության համար»,-գրել էր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։ Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։


--00--ԱՀ