Շահագրգիռ ենք Իտալիայի հետ համագործակցության ամրապնդմամբ․ դեսպանը փոխանցել է ՀՀ նախագահի ողջույնները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

photo_2025-02-24_17-27-36

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային: Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

«Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Իտալիայի նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Կարապետյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-իտալական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Կարապետյանը նախագահ Սերջո Մատարելլային փոխանցեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է Իտալիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ:

Զրույցի ընթացքում դեսպանն Իտալիայի նախագահին ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կառավարության կողմից ներդրվող ջանքերը՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու ուղղությամբ:

Երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը։

Դեսպան Կարապետյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ