Զարմացած եմ ՀՀ ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունից․ Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo_2025-03-13_16-48-29

Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների  նկատմամբ ատելության խորությունից, և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ՝ թե գործող, թե նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրաված այդ սցենարը, որպեսզի հետո իրավունք ունենային ասել. «Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները: Եվ դուք դեռ մեզ ե՞ք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին ու հիմա ուրախ-զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»: Այս մասին այսօր հրապարակված ձայնային ուղերձում ասել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ուզում եմ բարոյական  բոլոր հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տվել. նրանք, ովքեր ցանկանում էին դա, և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում համապատասխան քայլեր էին արել, և բոլոր նրանք, ովքեր հիմա հայտարարում են, թե ինչու մինչև վերջ չկռվեցին, այլ դուրս եկան: Ձեզ չի հաջողվել ոչնչացնել սովորական հայերի պատիվն ու արժանապատվությունը: Ոչ միայն արցախահայության, այլև բոլոր հայերի»:

Հիշեցնենք, որ այսօր Վարդանյանը դադարեցրեց 23 օր տևած հացադուլը։

--00—ՅՄ