«Արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր»․ «Անկախ դիտորդի» հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

,

2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Գյումրու և Փարաքարի ընտրությունների նախաշեմին «Անկախ դիտորդ» դաշինքը խորը մտահոգություն է հայտնում նախընտրական գործընթացների շուրջ ստեղծված լարվածության և իրավական գործընթացների թափանցիկության պակասի կապակցությամբ:

Դաշինքի տարածած հայտարարությանմեջ, մասնավորապես, ասվում է. «Վերջին օրերին արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր, որոնք ներառում են ընտրություններին մասնակցող ուժերի նկատմամբ իրավապահ մարմինների կոշտ գործողությունները, խուզարկություններ և կուսակցական գործիչների ազատությունից զրկումը:

 Մասնավորապես, հայտնի է դարձել, որ մարտի 27-ին «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ պատգամավորներին և փաստաբաններին թույլ չի տրվել ներս մտնել, խոչընդոտելով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը:

Համացանցում հայտարարույթուններ են տարածվել այն մասին, որ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում գործողություններ են իրականացվել իրավապահ մարմինների կողմից: Տեղեկություն է տարածվել նաև նրա բնակարանը խուզարկելու և ընտանիքի անդամներին ձերբակալելու վերաբերյալ։

 Նույն օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է մամուլի ասուլիս՝ հայտարարելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի դեպքեր և խոչընդոտվել է քաղաքացիների ազատ կամարտահայտումը: Այս ասուլիսը հրավիրվել է նկարագրված դեպքերից անմիջապես հետո, երբ իրավապահ մարմինները դեռևս չեն հրապարակել որևէ տեղեկություն իրականացված գործողությունների և ենթադրյալ հանցագործությունների փաստերի վերաբերյալ։

Այս պայմաններում իշխող կուսակցության կողմից նշված դեպքերի վերաբերյալ հայտարարություններ անելը անթույլատրելի է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես իրավապահների ուղղորդում և միջամտություն։

«Անկախ դիտորդ» դաշինքը, ունենալով բազմամյա դիտորդական փորձ, խստորեն դատապարտում է ընտրակաշառքների կիրառման ցանկացած փորձ ընտրությանը մասնակցող որևէ քաղաքական ուժի կողմից, ավելին՝ գտնում ենք, որ հենց քաղաքական ուժերը պետք է դրսևորեն անհանդուժողություն ընտրական իրավունքների խախտման ցանկացած փորձի հանդեպ։

Միաժամանակ, «Անկախ դիտորդ» դաշինքը հիշեցնում է, որ ընտրակաշառքների և այլ ընտրական հնարավոր հանցագործությունների հիմքով իրավական ընթացքի ապահովման առումով իրավապահ մարմինները պարտավոր են գործել օպերատիվ և արդյունավետ, սակայն միաժամանակ ապահովել այդ գործընթացի հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ հանրությանը իրազեկելու նպատակով:

Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացները բարձր քաղաքական զգայունություն ունեն, ցանկացած իրավական գործողություն պետք է իրականացվի հանրային վստահության ապահովման սկզբունքով: Քաղաքացիների վստահությունը չխաթարելու և տեղեկատվական մանիպուլյացիաները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել հաշվետվողական և թափանցիկ այնպիսի իրավական գործընթաց, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության տպավորություն:

«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը, արձանագրել և արձագանքել ընտրական հնարավոր խախտումներին՝ նպատակ ունենալով պաշտպանել ազատ և արդար ընտրական գործընթացները և նպաստել ընտրությունների ինստիտուտի հանդեպ հանրային վստահությանը։

--00—ԱՀ