Գյումրիի ընտրությունները դառնում են երկրի քաղաքական հասունության յուրօրինակ բարոմետր. Անանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Thumbnail

Գյումրու այսօրվա ընտրությունների մասնակցության ակտիվությունը` համեմատած նախորդ ընտրությունների հետ, իսկապես զգուշավոր լավատեսություն է ներշնչում: Ընտրական ներգրավվածության աճը կարելի է մեկնաբանել որպես վկայություն այն բանի, որ բնակչությունն ավելի ու ավելի է գիտակցում իր դերը քաղաքական իրականության ձևավորման գործում: Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: «Այնուամենայնիվ, որքան էլ կարևոր լինի այս ընտրությունների արդյունքներն ու ելքը, հիմնական ուշադրությունը իրականում կենտրոնացած է հետընտրական հնարավոր գործընթացների վրա, որոնք անխուսափելիորեն հետևելու են ընտրական իրադարձություններին և ձևավորելու են երկրի ապագա քաղաքական լանդշաֆտը: Հետընտրական գործընթացները, լինելով անքակտելիորեն կապված կամարտահայտման արդյունքների հետ, այս ընտրությունների պարագայում առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ, ըստ էության, կարծոս թե գերազանցում են բուն ընտրությունների արդյունքների նշանակությունը։ Այս իրադարձությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, քանի որ դրանք հանդիսանում են երկար սպասված քաղաքական փոփոխությունների կատալիզատորը։ Այս համատեքստում այնքան էլ կարևոր չի լինելու արդյո՞ք հաղթողը իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության թեկնածուն է, քանի որ հետընտրական դինամիկայի բնույթը կախված է լինելու ոչ միայն այն բանից, թե ով է հաղթում, այլև այն միջոցներից, որոնցով ձեռք է բերվում այդ հաղթանակը։ Եվ այստեղ թաքնված է ամենասուր երկընտրանքը, որն ընդունակ է որոշել հետագա իրադարձությունների ողջ սպեկտրը։ Իրավիճակը, երբ իշխանական թեկնածուի հաղթանակը հնարավոր է դառնում վարչական ռեսուրսի և կեղծիքների շնորհիվ, իր հետ կրում է ոչ միայն վստահության ակնհայտ ճգնաժամ քաղաքական համակարգի նկատմամբ, այլ նաև բողոքի ակտիվության սրման վտանգ։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նման մեթոդներով իշխանությունը պահպանելու փորձերը միայն մեծացնում են լարվածությունը հասարակության մեջ՝ դառնալով ժողովրդական դժգոհության ավելի լայնածավալ և կառուցվածքային ձևերի խթան: Այսինքն՝ որքան արհեստական ​​և պարտադրված լինի ընտրությունների արդյունքը, այնքան ավելի հզոր և նպատակաուղղված կլինի բնակչության արձագանքը հետընտրական շրջանում։ Այս գործընթացների ինտենսիվությունը որոշող կարևոր գործոնը ներկայիս իշխանության խելամտության աստիճանն է։ Խոսքը ոչ միայն իշխանության` ժողովրդի պահանջները ճանաչելու կարողության մասին է, այլև առճակատումից խուսափելու «հոտառության», կամքի և պատրաստակամության մասին: Իշխանությունը պետք է գիտակցի, որ հասարակական տրամադրությունների անտեսումը կարող է հանգեցնել ավելի խորը քաղաքական ճգնաժամի, որի հետևանքները կործանարար կլինեն ողջ պետական ​​համակարգի համար։ Այսպիսով, Գյումրիի ընտրությունները դառնում են երկրի քաղաքական հասունության յուրօրինակ բարոմետր, իսկ հետընտրական գործընթացները՝ իշխանության խելամտության առանցքային ցուցիչ»,- գրել է նա: --00--ԱՀ